Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Փոքրիկ սեղանների շուրջը, փոքրիկ ձևերի մեջ ուզում ենք բովանդակություն դնել»

«Փոքրիկ սեղանների շուրջը, փոքրիկ ձևերի մեջ ուզում ենք բովանդակություն դնել»
04.04.2014 | 12:05

Գրողների միությունում բացվում են ակումբներ` շախմատի, բանավեճի, գրական:
Շախմատը, բացի նրանից, որ ինտելեկտուալ խաղ է, մտածողություն է զարգացնում, նպաստում է նաև մարդկանց շփվելուն: «Մեկը զայրանում է, որ պարտվեց, մեկն ասում է՝ արդար է խաղը, մյուսը` անարդար, հետո գրողները մոռանում են շախմատն ու անցնում են գրական բանավեճի»,- երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց գրողների միության քարտուղար ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ, նշելով, որ արդեն առաջին մրցույթը տեղի է ունեցել, կան մրցանակակիրներ, պարզել են նաև, թե գրողների շրջանում ովքեր են լավագույն շախմատիստները:
Իսկ այ գրողների տանը կից նկուղը վերածվել է ակումբ-սրճարանի, այստեղ հանդիպումներն ու բանավեճերը ծավալվելու են սուրճի բաժակի շուրջը: Անցկացվում են նաև գրական տարաբնույթ միջոցառումներ: «Ամռանը, պոեզիայի պուրակի և գրախանութի հետնամասում, հիմնված Լևոն Անանյանի նախագահության օրոք, կբացվի նաև բացօթյա սրճարան: Փոքրիկ սեղանների շուրջը, փոքրիկ ձևերի մեջ ուզում ենք բովանդակություն դնել»,- ընդգծեց բանախոսը, բանավեճի ակումբի մասին էլ ասաց, որ առաջին նիստը կայացել է, ակումբը նպատակ ունի ի մի բերելու գրական կարծիքները, գաղափարները: Տեսանյութը կտեղադրվի գրողների միության կայքում:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ բարձր գնահատեց գրողների միության վերջին շրջանի նախաձեռնությունները, սակայն դրանց գործառույթն այնպես չի պատկերացնում, ինչպես պարոն Դեմիրճյանը ներկայացրեց. «Մտավախություն ունեմ, որ այդ ակումբները գալիս են բավարարելու շատ անգամ գրական պրոցեսից իրապես դուրս, պարապ մնացած, գրողների միությունն այցելավայր դարձրած մարդկանց պահանջարկը»:
Պետրոս Դեմիրճյանը հակադարձեց` գրողների միության ընթացքից դո՞ւրս են Ռուբեն Հովսեփյանը, որ շախմատ է խաղում, կամ Երվանդ Պետրոսյանը, Շանթ Մկրտչյանը:
Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ գրողների միությունը նոր-նոր փորձում է անել այն, ինչը սկզբնավորված էր 5-6 տարի առաջ: Նրա խոսքով` գրողների միությունն այլևս չի վերահսկում և չի առաջնորդում գրական կյանքը Հայաստանում. «Գրական կյանքն այսօր ավելի շատ ծավալվում է գրողների միությունից դուրս, քան միության ներսում: Ներկայացված ծրագրերի (ակումբների ձևավորում, շնորհանդեսներ, քննարկումներ) նախատիպերն արդեն իսկ կան»,- ասաց գրաքննադատը, եզրահանգելով, թե գրողների միությունում շարունակվում է ավագների գերիշխանությունը, անհրաժեշտ է կտրուկ սերնդափոխություն, ոչ թե տարիքային, այլ հայացքների, մոտեցումների թարմությամբ:
Պետրոս Դեմիրճյանն ընդգծեց, որ վերջին տասը տարիներին ավելի շատ ուշադրություն է դարձվել կազմակերպական հարցերին, գիտաժողովներ են կազմակերպվել, ամրապնդվել է կապը սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների հետ, ինչը բավական ժամանակ է խլել: Քիչ ուշադրություն է դարձվել տեխնիկական հագեցվածությանը, որը նաև ֆինանսական ծախսեր է պահանջում: Արդեն հստակ քայլեր են արվում նաև այդ ուղղությամբ: Այս ամսվա վերջին տեղի է ունենալու նստաշրջան՝ նվիրված գեղարվեստական արձակի հիմնախնդիրներին: Բանախոսը ընդգծեց նաև, որ փորձում են հեռու մնալ շոուներից. «Դա ցանկացած երևույթի արտաքին կողմն է, մեզ հետաքրքրում է բուն բովանդակությունը»:
«Իրատես de facto»-ն հետաքրքրվեց՝ ինչպես են վերաբերվում բանախոսները գրողների մեծադիր նկարներին, որ զարդարում են մեր քաղաքի մարդաշատ վայրերը, այգիները:
«Դա մեր մտահղացումն է: Նպատակ ունեինք մեր հասարակության մեջ գի՛րքը դարձնել մոդա: Արամեի կոշիկի կամ Ռազմիկ Ամյանի պիջակի ֆիրմայով հետաքրքրվում են, ուզում էինք, որ գրողի շուրջ էլ նման հետաքրքրություն լինի, որը հետագայում կբերի գրականության ընթերցմանը: Եթե ունես թիվ մեկ խնդիր, որ մարդիկ գիրք կարդան, այդ ճանապարհին ինչ-որ բաներ պիտի զոհես»,- ասաց Ա. Նիկողոսյանը: Դեմիրճյանի համոզմամբ` եթե գրողին ճանաչելու, կարդալու համար պետք է կոշիկից սկսել, սխալ ճանապարհ է: Նիկողոսյանն էլ նկատեց, որ այդ քաղաքականությունը արդյունք է տվել. ժամանակակից գրողներին նախկինում ընդհանրապես չէին ճանաչում, այսօր գրողներ ունենք, որ երկրպագուներ ունեն, որոշ շնորհանդեսների ժամանակ «հերթ» է գոյանում: Ֆոտոսեսիաների, կեղծ իրադրությունների, սկանդալների շնորհիվ 2 ժամում 150-ից ավելի գիրք է վաճառվում, երբ տարվա ընթացքում 60-ից չէր անցնում գրքի վաճառքը: Երիտասարդներն այսօր գլուխ են գովում, թե Արամ Պաչյանի հետ մտերիմ են: «Իսկ չե՞ն հպարտանում, որ հանդիպել են Պերճ Զեյթունցյանի հետ կամ Նորայր Ադալյանի», հակադարձեց ՀԳՄ քարտուղարը, ընդգծելով, որ գրողը գրող է մնում, անկախ նրանից` երիտասա՞րդ է, թե՞ տարեց:
Մեր հաջորդ հարցը հրատարակվող գրականությանն էր վերաբերում: ՀԳՄ քարտուղարը ներկայացրեց գրքեր, որ տպագրվել են ՀԳՄ նախաձեռնությամբ` Կարպիս Սուրենյանի «Հայ լինելու առեղծվածը», Ռենալ Միրզոյանի «Արցախյան հերոսապատումը», գեղարվեստական գրականությունից` Հովհաննես Երանյան, Ալիս Հովհաննիսյան:
«Անտարեսի» գլխավոր խմբագիրն էլ հավաստիացրեց, որ իրենք տպագրում են լավագույն գրողներին. «Արամ Պաչյան, Հրաչյա Սարիբեկյան, Լիլիթ Կարապետյան, Գուրգեն Խանջյան, հրատարակության ենք պատրաստում Մհեր Բեյլերյանի նոր գիրքը, Նարինե Կռոյանի գիրքը»:
Առկախ մնաց հարցը` ովքե՞ր են որոշում՝ ո՞րն է լավ գիրքը, և ո՞րն է վատի, ամենալավի չափանիշը:
Հավելենք, որ գրողների միության հրատարակչությունում տարեկան լույս է տեսնում 10-15 անուն գիրք, ՀԳՄ քարտուղարը ուրախալի համարեց այն փաստը, որ դրսում ստեղծվում է գրականություն: Նրա խոսքով` լավ կլիներ, որ համակարգվեր, ու ամեն հրատարակություն իր շուրջը համախմբեր գաղափարական և ստեղծագործական նույն նպատակներով ու հայացքներով առանձնացող մարդկանց։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ